Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025 14:39
Նաիրա Բադալյան

Ակամայից ասոցիացիաներ են առաջանում 2000-ականների սկզբի/կեսերի Ռուսաստանի հետ․ Հայկազ Ֆանյանը՝ տնտեսությունում պետական մասնակցության աճի ռիսկերի մասին

Ակամայից ասոցիացիաներ են առաջանում 2000-ականների սկզբի/կեսերի Ռուսաստանի հետ․ Հայկազ Ֆանյանը՝ տնտեսությունում պետական մասնակցության աճի ռիսկերի մասին

Արմինֆո. Կարճաժամկետ քաղաքական դիվիդենտները կարող են վտանգել տնտեսության զարգացումը երկարաժամկետ հեռանկարում։ Գնահատականով կիսվել է ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը՝ անդրադառնալով "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի վերաբերյալ ՀՀ իշխանությունների մտադրություններին։

 

Մասնավորապես, այսօր ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ "Էլցանցերի" ամբողջական ազգայնացումը համարում է «ցանկալի տարբերակ»։ Դա ենթադրում է, որ ենթակառուցվածքը պատկանելու է պետությանը և կառավարվելու է կառավարության վերահսկողության տակ գտնվող պրոֆեսիոնալ ընկերության կողմից: Միեւնույն ժամանակ, Փաշինյանն ընդգծել է, որ այդ դեպքում ֆինանսական խնդիրներ կառաջանան։ Պետությունը ձեռք կբերի ՀԷՑ-ը, թե՝ ոչ, կախված կլինի գնից։ Ընդ որում, կառավարության ղեկավարի կարծիքով, լիցենզիայից զրկվելուց հետո ընկերության օբյեկտիվ արժեքը նվազել է։ <Եթե տեսնենք, որ ինչ-ինչ պատճառներով դա անհասանելի է, քանի որ, այնուամենայնիվ, մենք պետք է վճարենք ընկերության ձեռք բերման համար, այդ վճարը, ըստ էության, ծախս է պետական բյուջեից: Իսկ եթե մենք տեսնենք, որ այդ ծախսերը հիմնաավորված չեն, ապա մենք պետք է նոր ներդրողի ներգրավենք թափանցիկ ընթացակարգերի միջոցով", - ասել է վարչապետը։

 

«Վերջին տարիներին տնտեսությունում պետական մասնակցության աճը մեզ լավ տեղ չի տանում (Երևանի աղբահանություն, տրանսպորտ, ԶՊՄԿ, Վիվա Արմենիա, Լիդիան Արմենիա, Առողջության համընդհանուր ապահովագրության պետական հիմնադրամ, ՀԷՑ), ավելին, ակամայից ասոցիացիաներ են առաջանում 2000-ականների սկզբի/կեսերի Ռուսաստանի հետ, երբ ողջ ռուսաստանցի ժողովուրդը ողջունում էր ռազմավարական ակտիվների (օր․՝ Յուկոս, Ավտովազ) «ազգայնացումը», բայց վերջում շուկայական տնտեսության փոխարեն ստացվեց «պետական կապիտալիզմի» նման մի բան․․․

 

Ի՞նչ պետք է անենք մենք - ինքներս մեզ պետք է պատասխանենք՝ ո՞րն է մեր տնտեսական պարադիգմը, ինչպիսի տնտեսական մոդելով երկիր ենք ուզում մենք 10 տարի հետո․․․սա նաև պետք է դառնա առաջիկայում մշակվելիք տնտեսության զարգացման ռազմավարության անկյունաքարերից մեկը», - գրել է Հայկազ Ֆանյանը՝ սոցցանցում։

 

Հիշեցնենք, որ 2016 թվականից "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն պատկանում է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի հիմնադրած "Տաշիր" ընկերությունների խմբին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀԷՑ-ը պետականացնելու մտադրության մասին՝ Կարապետյանի տան խուզարկությունից և նրա ձերբակալությունից հետո: Ավելի ուշ խորհրդարանն ընդունել է օրենքների փոփոխություններ, որոնք նախատեսում են "էլեկտրացանցերի" վերադարձ պետական վերահսկողության ներքո: Իսկ ՀԾԿՀ ղեկավարը ժամանակավոր կառավարիչ է նշանակել Ռոմանոս Պետրոսյանին։ Հուլիսի 22-ին "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն ու նրա ընտանիքը շահել են ՀԷՑ-ի պետականացման գործով Հայաստանի կառավարության դեմ արբիտրաժային վեճը: Սակայն Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ արբիտրաժի վճիռը Հայաստանում իրավական ուժ կստանա միայն դատարանի համապատասխան որոշումից հետո, իսկ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն , իր հերթին, նշել է, որ Ստոկհոլմի Առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի վճիռը՝ հօգուտ Սամվել Կարապետյանի Հայաստանի դեմ արբիտրաժում, ենթակա չէ պարտադիր կատարման, եթե այն հակասում է հասարակական կարգին: Նա նաև վստահեցրել է, որ ՀԷՑ-ի ազգայնացման դեպքում Սամվել Կարապետյանը փոխհատուցում կստանա: Օգոստոսի 9-ին "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության բաժնետեր եւ "Տաշիր Կապիտալ"-ի գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանը հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ ՀԾԿՀ-ի եւ նրա նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի ՝ պահանջելով ճանաչել ընկերության մենեջմենթի փոփոխության համար ՀԾԿՀ-ի ՝իրավազորության բացակայությունը:

 

Ինքը՝ Սամվել Կարապետյանը, ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը Երևանում Հայաստանի իրավապահ մարմինների կողմից՝ այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն էր հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն: Դրան ի պատասխան՝ բացահայտ սպառնալիքներ էին հնչել վարչապետի կողմից։ Հունիսի 19-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է Սամվել Կարապետյանին: Նա պահվում է "Երևան-Կենտրոն" ՔԿՀ-ում (հայտնի "ՊԱԿ-ի նկուղը" ՝ ԱԱԾ շենքում) ։ Նրան մեղադրում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու համար, այդ դրվագով կալանքի տակ գտնվելու առավելագույն ժամկետը 5 ամիս է։ Սակայն հոկտեմբերի 13-ին Քննչական կոմիտեն հայտարարել է Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոխելու և քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի լրացման մասին (ծառաայողական կամ պաշտոնեական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կամ դրանց ձեռք բերած ազդեցություն): Արդյունքում՝ Հակակոռուպցիոն դատարանը նոյեմբերի 18-ին ևս 2 ամսով երկարաձգել է կալանքը։