Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025 14:08
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի դեսպանը Քուվեյթի տնտեսական զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրենի հետ քննարկել է ԾՀԽ-ի հետ Երևանի կապերի ամրապնդման հեռանկարները

Հայաստանի դեսպանը Քուվեյթի տնտեսական զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրենի հետ քննարկել է ԾՀԽ-ի հետ Երևանի կապերի ամրապնդման հեռանկարները

Արմինֆո. Տեղի է ունեցել Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Առաքելյանի հանդիպումը Քուվեյթի տնտեսական զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Վալիդ ալ-Բահարի հետ։

 

Քուվեյթում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն,  հանդիպման ընթացքում դեսպան Ա․ Առաքելյանը ներկայացրել է Հայաստանում առկա տնտեսական և ներդրումային հնարավորությունները, ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև երկրի հետաքրքրությունը նոր տեխնոլոգիական, արդյունաբերական և ենթակառուցվածքային ծրագրերի զարգացման հանդեպ։

 

Նա նաև ընգծել է, որ Հարավային Կովկասում ՀՀ կառավարության կողմից հետևողականորեն առաջ տարվող խաղաղության ու համագործակցության օրակարգը հավելյալ հնարավորություններ է բացում ինչպես Հայաստանի և տարածաշրջանի մյուս երկրների, այդպես էլ հարևան արաբական երկրների, հատկապես՝ ԾՀԽ գործընկերների համար։

 

Իր հերթին, Վալիդ ալ-Բահարը ողջունել է ՀՀ կառավարության կողմից այդ հետևողական աշխատանքը տանելու պատրաստակամությունը և հայտնել է, որ Քուվեյթի Պետությունը մշտապես հետաքրքրված է եղել Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցություն ունենալու մեջ և ցանկություն է հայտնել ավելի շատ տեղեկություններ ունենալ այստեղ իրականացվող տնտեսական խոշոր նախաձեռնությունների մասին։

 

Բացի այդ, նա ընգծել է, որ Հայաստանի և Ծոցի Համագործակցության Խորհրդի ինստիտուցիոնալ համագործակցության մակարդակը բարձրացնելու ժամանակը հասունացել է և նա անձամբ, լինելով ԾՀԽ ֆինանսական մի շարք մարմինների անդամ, կաջակցի ՀՀ հետ համագործակցության սերտացմանը։

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին քայլերն իրականացնել այդ ուղղությամբ՝ մյուս 2026 թ․ ընթացքում շոշափելի արդյունքներ ունենալու ակնկալիքներով։