
Արմինֆո. ՏԿԵ նախարարությունում քննարկվել է CRIRSCO-ին (Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտե) Հայաստանի անդամակցության գործընթացը։ ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է «Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեի» (CRIRSCO) նախագահ Գարթ Քիրքհեմի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին, ընդգծելով, որ CRIRSCO-ին անդամակցությունը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն և ամրագրված է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մեջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության կողմից CRIRSCO-ին անդամակցության գործընթացի մանրամասները, անդամակցության տեխնիկական և իրավական նախապայմանները:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵՆ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Մովսիսյանը, «Հայաստանի երկրաբանների միության» նախագահ Վահան Գրիգորյանը, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը և ասոցիացիայի անդամ Արմեն Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) Հայաստանի երկրաբանների համայնքի հետ քննարկումներ էր նախաձեռնել Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեին՝ CRIRSCO-ին Հայաստանի միանալու թեմայով։
CRIRSCO-ն Ավստրալիայում (JORC), Բրազիլիայում (CBRR), Կանադայում (CIM), Չիլիում (Ազգային կոմիտե), Կոլումբիայում (CCRR), Եվրոպայում (PERC), Հնդկաստանում (NACRI), Ինդոնեզիայում (KOMBERS | KCMI), Ղազխստանում (KAZRC), Մոնղոլիայում (MPIGM), Ֆիլիպիններում (PMARC), Ռուսաստանում (OERN), Հարավային Աֆրիկայում (SAMREC), Թուրքիայում (UMREK) և ԱՄՆ (SME) հանքային պաշարների վերաբերյալ հաշվետվությունների կոդերի եւ ղեկավարող սկզբունքների մշակման համար պատասխանատու կազմակերպությունների ներկայացուցիչների միավորում է։ Այդ երկրների բորսաներում ցուցակված հանքարդյունաբերական ընկերությունների ընդհանուր արժեքը կազմում է հանքարդյունաբերության ճյուղի ցուցակված կապիտալի ավելի քան 80% - ը:
Կազմակերպության նպատակն է երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքների մասին հրապարակային հաշվետվության, հանքային ռեսուրսների և հանքավայրերի պաշարների գնահատման ոլորտում միջազգային առաջատար փորձի խթանումը:
Միջոցառման հարթաակներում լրագրողների հետ զրույցում ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիաի նախագահ Վարդան Ջհանյանը հիշեցրել էր, որ տարիներ առաջ իշխանությունների կողմից ընդունված Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման ռազմավարության դրույթներից մեկը CRIRSCO ստանդարտների ներդրումն էր: Նա ընդգծել էր, որ վերջիններս այդ բնագավառի ազգային օրենսդրությունը համապատասխանեցնելու են միջազգային ստանդարտներին: «Դա ողջ աշխարհի ներդրողներին թույլ կտա հասկանալ մեր հաշվետվողականությունը։ Այսինքն, մենք խոսելու ենք մեկ երկրաբանական լեզվով․ մեր չափորոշիչները կհամապատասխանեն միջազգային չափորոշիչներին։ Դա կօգնի ճյուղի ճիշտ զարգացմանը», - ասել էր Ջհանյանը։