
Արմինֆո. Պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Գերմանիա հարաբերությունների զարգացմանը նպաստող ապակենտրոնացված համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսական, ներդրումային, կրթական ու տեխնոլոգիական ոլորտներում կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստան–Գերմանիա փոխգործակցության խորացումը կարևոր նշանակություն ունի մեր երկրի տնտեսության մրցունակության բարձրացման և նոր ծրագրերի իրականացման համար։
Քաղաքապետ Չենչերը ներկայացրել է Համբուրգ քաղաքի զարգացման առաջնահերթությունները, ընդգծել երկու կողմերի միջև կապերի ակտիվացման և փոխգործակցության հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Համբուրգի գործարար համայնքի հետ նախատեսվող ծրագրերին ու հեռանկարային նախագծերին։
Հայաստանի վարչապետն այցելել է նաեւ Համբուրգի առևտրի պալատ, որտեղ հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ:
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն Մալթե Հեյնին նշել է, որ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանում տնտեսության տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նոր հնարավորություններ է բացում ներդրումների իրականացման ուղղությամբ: Երկրի ղեկավարն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին:
Վարչապետը միաժամանակ հավելել է, որ ՀՀ Կառավարությունը հետևողական բարեփոխումներ է իրականացնում բիզնես միջավայրի բարելավման, տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման, ներդրումների ներգրավման նպատակով:
Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է նաև գործարարներին հետաքրքրող տարբեր հարցերի:
ՀՀ կառաավարության հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը նաեւ հանդիպում է ունեցել Համբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության առաջնահերթություններին, տնտեսության զարգացման տեմպերին, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, եկեղեցու նորոգման գործընթացին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և այլ թեմաների: Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին», - ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական տվյալների, Հայաստանի և Գերմանիայի միջև ապրանքաշրջանառությունը 2025 թվականի 10 ամսում կազմել է 386,5 մլն դոլար՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 4,1 տոկոսով ։ Արտահանումն աճել Է 80,6% - ով, գերազանցելով 93 մլն դոլարը, իսկ ներմուծումն արտահանող երկրից նվազել է 11,4% - ով՝ մինչեւ 327,9 մլն դոլար։