Ուրբաթ, 19 Դեկտեմբերի 2025 16:43
Նաիրա Բադալյան

Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը

Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ինչպես նաև Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորած պատվիրակության հետ:

 

Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է գործընկերներին Երևանում ԶՖԳ նոր պաշտոնական գրասենյակի բացման առթիվ՝ բարձր գնահատելով ՀՀ–ԶՖԳ գործընկերության հետագա խորացման, համատեղ նախաձեռնությունների առավել արդյունավետ իրականացման և երկկողմ հարաբերությունների կայուն ու շարունակական զարգացման հեռանկարները:

 

Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին, մասնավորապես՝ քաղաքականությունների վրա հիմնված բյուջետային աջակցության տրամադրման և այդ ուղղությամբ գործադրված  արդյունավետ ջանքերին՝ միաժամանակ ընդգծելով նախատեսվող նոր բյուջետային աջակցության ծրագրի մշակման նպատակով բարեփոխումների կարևորությունը: Քննարկման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել նաև «Հայաստանի ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության ոլորտի համալիր զարգացում» (WAIDA) ծրագրի կնքմանը, որը նպատակ ունի բարելավել ՀՀ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ոռոգման և խմելու ջրի ենթակառուցվածքների վերականգնումն ու արդիականացումը, ինչպես նաև ամրապնդել ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունները։

 

Այնուհետև նախարարը ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը, հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչպես նաև ոլորտում արձանագրված վերջին զարգացումները և առաջիկա կանխատեսումները։

 

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով երկկողմ գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

 

Հիշեցնենք, որ նախօրեին Զարգացման ֆրանսիական գործակալությունը  իր նոր գրասենյակն է բացել "Երևան Պլազա" հյուրանոցում: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին, ԶՖԳ տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասերը և հայ պաշտոնյաներ:

 

2013 թվականից Հայաստանում գործող ԶՖԳ խումբը ֆինանսավորում է ծրագրեր, որոնք ավանդ են ներդնում կլիմայի փոփոխության դեմ պայքարում և աշխատում են արդար և ներառական անցումների ուղղությամբ: Գործակալությունը աջակցում է բնական ռեսուրսների կայուն կառավարմանը և պահպանմանը, էներգետիկ անցմանը, պետական ֆինանսների կառավարմանը և քաղաքային ծառայություններին: 2013 թվականից ԶՖԳ-ը Հայաստանին տրամադրել է 555 մլն եվրո վարկ և շուրջ 30 մլն եվրո օգնություն, որից 23,5 մլն-ը տրամադրվել է Եվրոպական միության կողմից: