
Արմինֆո. Հայաստանում ճանապարհաշինության ծրագիրը շարունակելու համար կհատկացվի 19.6 միլիարդ դրամ: Որոշումը կայացվել է ՀՀ կառավարության օգոստոսի 6-ի նիստում:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ միջոցները կօգտագործվեն ճանապարհների շինարարության և վերանորոգման, նոր նախագծերի պատրաստման և ծառայությունների ձեռքբերման համար: Վերանորոգվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կկազմի 63.5 կմ, որոնցից մի մասը միջպետական ճանապարհներ են, իսկ մյուսները՝ հանրապետական: Տեղական ճանապարհների վրա նույնպես զգալի աշխատանք է մնում կատարելու։
Նախարարը նշեց, որ կառավարության երկու այլ որոշումներով արդեն իսկ հատկացվել է 3.7 միլիարդ դրամ՝ 76.4 կմ ճանապարհների միջնաժամկետ վերանորոգման և ևս 1.6 միլիարդ դրամ՝ կրթական կլաստերներ տանող 10.6 կմ ճանապարհների վերանորոգման համար։
Նշենք, որ որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ ծրագրի նպատակն է իրականացնել 18 ճանապարհահատվածների հիմնանորոգում, տրամադրել տեխնիկական և ճարտարապետական վերահսկողության ծառայություններ, պատրաստել 38 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծեր, տրամադրել արժեքի գնահատման և փորձագիտական գնահատման ծառայություններ, մատուցել մեկ ճանապարհահատվածի հիմնանորոգման ծառայություններ և մեկ ճանապարհահատվածի ճարտարապետական վերահսկողության ծառայություններ, ինչպես նաև տրամադրել մեկ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Նախատեսվում է նաև միջոցներ հատկացնել երեք տրանսպորտային օբյեկտի կառուցման և մեկ տրանսպորտային օբյեկտի վերակառուցման համար։